Կրոն

Հայ Առաքելական Եկեղեցի

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին աշխարհի հնագույն ազգային եկեղեցիներից է և աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը, որ պատկանում է Արևելյան ուղղափառ եկեղեցիների խմբին: Կենտրոնը` Հայաստան, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածնի վանք (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին): Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի բարձրագույն հոգևոր պետը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատվում է որպէս հաջորդն ու ժառանգորդը Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Լուսավորչի։
Կաթողիկոսական նստավայրը Սուրբ Էջմիածինն է։ Հայ Եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն:
Բացի նվիրապետական այս չորս աթոռներից՝ աշխարհի մի շարք երկրներում գործում են եկեղեցական կառույցներ, որոնք կոչվում են թեմեր և ունեն իրենց թեմակալ առաջնորդները: Թեմերի մեծագույն մասը (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Բուլղարիա, Արգենտինա, Բրազիլիա, Ավստրալիա և այլն), գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսության հոգևոր իշխանության ներքո։ Կիպրոսի, Լիբանանի, Սիրիայի և Իրանի հայկական թեմերը գտնվում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության (նստավայրը Անթիլիաս) հովանու ներքո։
Ավանդաբար Հայ Եկեղեցին կոչվում է Առաքելական, քանի որ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները եղել են Հիսուս Քրիստոսի տասներկու աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնք անվանվում են Հայաստանի առաջին լուսավորիչներ։